Արմինֆո.Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես պատմել է ՌԴ նախագահը բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների: "Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշել ենք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ օգնում են խաղաղ կյանք հաստատել: Մենք վերահաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում առկա հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է վերջերս Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին", - ասել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների հեռակոնֆերանսի արդյունքում Բաքուն Երեւանին է փոխանցել 8 ռազմագերիների: