Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնաբանել են Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների հանձնումը Հայաստանին:
Ֆրանսիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. "Ութ ձերբակալված հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից եւ Բաքվից փոխանցվել Երեւան: Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, որոնցից բաժանվել են մի քանի ամսով։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցած մեր զինվորներին։ Մենք շարունակում ենք առաջ ընթանալ"։
Եվրոպական խորհրդի նախագահ, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից 8 ձերբակալված հայերի ազատ արձակումը եւ Հայաստանին հանձնումը դրական իրադարձությունների եւս մեկ նշան է՝ նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հեռավար հանդիպումից հետո: "ԵՄ - ն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական գերությունից վերադարձված զինծառայողների անունները: Ըստ ԶԼՄ-ների, նրանց մի մասը 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ գերեվարված զինծառայողներ են:
Հարկ է նշել, որ մինչ այժմ հայտնի չէ 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ադրբեջանական գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճշգրիտ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ դրանք մի քանի հարյուր են ։ Բաքուն հաստատում է մոտ յոթ տասնյակ անձանց առկայությունը: Հայ ռազմագերիները և գերության մեջ հայտնված քաղաքացիական անձինք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։ Նրանցից շատերը շինծու քրեական գործերով դատապարտվել են երկարատեւ ազատազրկման։