Արմինֆո. Ռեջեփ Էրդողանի իշխանությունը հավերժ չէ։ Եվ նա՝ ինքը, դա շատ լավ հասկանում է։ Բայց այսօր Թուրքիայում ամեն ինչ որոշում է հենց նա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
"Թուրքիայի իշխանական բուրգի ներսում տարաձայնություններն աստիճանաբար խորանում են։ Անկարայում ձևավորվում են նոր իշխանական թևեր, որոնց միջև պայքար է ծավալվում։ Առայժմ Էրդողանը դրսեւորում է թուրքական հասարակության ներսում բազմաթիվ խնդիրները կառավարելու ունակություն։ Եվ, իմ կարծիքով, իր կաբինետում նախարարների վերադասավորումներ կիրականացնի միայն այդ կառավարման որակը բարձրացնելու նպատակով։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով Թուրքիայում Էրդողանի իշխանությունից դժգոհության աճը, նույնիսկ՝ կառավարող AKP-ի ներսում, դրա անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, հասունացել է", - նկատել է նա։
Ամեն դեպքում, թուրքական կառավարությունում փոփոխությունները, ներառյալ՝ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հնարավոր հեռացումը, ըստ Մալաշենկոյի կանխատեսումների, Անկարայի արտաքին քաղաքականության հայեցակարգում փոփոխությունների չեն հանգեցնի։ Նշելով Թուրքիայի ներքին անկայունությունը և բազմաթիվ խնդիրներն արտաքին ճակատում' արևելագետը նկատել է, որ Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կփորձի դրանք լուծել, այնուամենայնիվ, դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ակտիվության միջոցով:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում Էրդողանի վերջին միջնորդական նախաձեռնություններն արևելագետը դիտարկում է հենց այս լույսի ներքո։ Ըստ փորձագետի՝ տարաձայնությունները հարթելու նպատակով նախագահներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը, նախ և առաջ, պետք է հենց Էրդողանին։ Թուրքիայի համբավը՝ որպես աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, և սեփական հեղինակությունը՝ որպես աշխարհի խոշորագույն առաջնորդներից մեկը, պահպանելու նպատակով։ Մասնակցելով ամենատարբեր բնույթի հակամարտություններին՝ Էրդողանը կարծում է, որ այդպիսով ավելի մեծ ժողովրդականություն և բոնուսներ ձեռք կբերի անձամբ իր համար։
"Ես, իհարկե, կասկածում եմ Էրդողանի միջնորդական գործունեության հաջողությանը՝ չնայած նրա այցին Կիեւ եւ բավական ոչ միանշանակ հայտարարություններին Մոսկվայի հասցեին։ Եվ մենք տեսնում ենք, որ ողջ այդ գործունեությունը ծավալվում է նրա անձնական նախաձեռնությամբ։ ԱԳՆ-ն այդ ամենին, գործնականում, չի մասնակցում։ Իսկ ինչ վերաբերում է նրա գործունեության հայկական ուղղությանը և Թուրքիայի ԱԳՆ գործունեությանը, ապա այն, կարծում եմ, ամենաանփոփոխն է Թուրքիայի ողջ անփոփոխ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի հետ գործընթացը Թուրքիայում տիիրող իրավիճակի արտացոլումն է։ Այդ գործընթացով Անկարան հարցեր և խնդիրներ է լուծում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում և հենց Թուրքիայի ներսում։ Ինչի լույսի ներքո ես բոլորովին չեմ կարծում, որ Էրդողանի կողմից, նույնիսկ, իր ողջ կաբինետի պաշտոնանկությունը կարող է ինչ-որ բան փոխել այստեղ", - ամփոփել է արևելագետը։