Արմինֆո. Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում են մայրաքաղաքի դեղատներում պարացետամոլ արդյունավետ եւ բյուջետային ջերմիջեցնող դեղամիջոցի դեֆիցիտից: