Արմինֆո.Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար:
"Ադրբեջանը մտադիր է ոչնչացնել հայկական ժառանգության հետքերը Լեռնային Ղարաբաղում՝ հանուն "Ալբանական" խամաճիկային մշակույթի վերականգնման ։ Մշակութային ցեղասպանության ծրագիր", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրողը:
Այսպես է նա արձագանքել Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը, որը նախօրեին հայտարարել էր, թե ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից, իբր, ալբանական եկեղեցիների կեղծման փաստեր հավաքող հանձնաժողով։
Միաժամանակ, Բյուիսոնը փաստել է, որ Ադրբեջանն այսօր կրկնում է այն, ինչ արել է 20 տարի առաջ Ջուղայում (Նախիջևան), որտեղ գերեզմանոցում երկրի երեսից ջնջվել են 3000 միջնադարյան խաչքարեր: "Բաքուն արդարացել է միայն "խաչքար չի եղել, քանի որ այստեղ երբեք հայ չի եղել" կրկնակի ստով", - նշել է լրագրողը:
Դրա հետ մեկտեղ նա նաեւ քննադատել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելիի հանդիպումն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի: "Այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է իր մշակութային ցեղասպանությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ՝ առանց որևէ արձագանքի (հատկապես ՝ ոչ Ֆրանսիայի կառավարության, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից), ԵՄ-ն ողջունում է Բաքվի հետ էներգետիկ գործընկերությունը ։ Բայց դա, հավանաբար, բացատրում է ամեն ինչ", - նշել է ֆրանսիացի լրագրողը՝ արձագանքելով Twitter-ում Վարխելիի գրառմանը։ Վերջինս իր միկրոբլոգում կիսվել է Հաջիեւի հետ հանդիպումից ստացած տպավորություններով։ Եվրահանձնակատարը, մասնավորապես, գրել է. "Լավ հանդիպում Հիքմեթ Հաջիեւի հետ՝ այսօր Բաքվում։ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստի նախաշեմին մենք խոսեցինք ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ գործընկերության եւ էներգետիկ անվտանգության կարեւորության մասին, քննարկեցինք տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում մեր գործընկերության ամրապնդումը, խոսեցինք Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի աջակցության մասին":