Արմինֆո.Կառավարող ուժի թեկնածուն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ընտրվելու է ՀՀ նախագահ։ Փետրվարի 3-ին կառավարության նիստում այդպիսի կանխատեսմամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես նշել է Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը նախօրեին առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու՝ 65 պատգամավորների կողմից: Կառավարող “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության մյուս անդամները, ինչպես նշել է վարչապետը, չեն կարողացել ստորագրել առաջադրման մասին փաստաթուղթը իրավական և տեխնիկական պատճառներով: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ եթե ոչ առաջին փուլում, ապա երկրորդ փուլում կառավարող ուժի թեկնածուն կընտրվի ՀՀ նախագահ: Նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտին, հաղորդել Է վարչապետը։
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար: Նա վստահեցրել է, որ աշխատելու է ավելի մեծ նվիրվածությամբ և իրականացնելու է նախանշված բոլոր ծրագրերը։
Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Փետրվարի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների ավարտի մասին արձանագրությունը: Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Ընտրվում է այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն,որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրությունների երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է հանրապետության նախագահի նոր ընտրություն: Հիշեցնենք, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 71 մանդատ, ընդդիմադիր "Հայաստան"-ը եւ "Պատիվ ունեմ"-ը ունեն, համապատասխանաբար, 29 եւ 6 մանդատ: