Արմինֆո. Բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին: Այդ մասին հաղորդել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այս ապօրինության թիվ մեկ պատասխանատուն իհարկե ազգադավ ու ապաշնորհ քաղաքական իշխանությունն է։ Իսկ պատասխանատվության երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը կիսում են Եվրոպացի փարիսեցիները, որոնք ԵԽԽՎ բանաձևով ժողովրդավարության առաջընթաց են «արձանագրում» Հայաստանում, և տեղացի փարիսեցիները, որոնք «հարձակվել էին» բանաձևին դեմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորի վրա», - գրել է Մելիքյանը։
Նշենք, որ վարորդներն այսօր ակցիա են անցկացրել Հանրապետության հրապարակում ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ - ի թանկացման դեմ (3 հազար դրամով ՝ բոլոր տեսակի ապահովագրությունները-խմբ.): Ցուցարարները ավտովազք են կատարել Հանրապետության հրապարակում ՝ իրենց բողոքն արտահայտելով ավտոմեքենաների ազդանշաններով։ Ոստիկանները կոշտ ձեւով բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների, մեքենաները տարվել են տուգանային հրապարակ։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունում տեղեկացրել են բողոքի ակցիայի 5 խաղաղ մասնակիցների ձերբակալության մասին: Փաստի առթիվ կազմվել են 182-րդ հոդվածի խախտման հետ կապված արձանագրություններ ՝ ոստիկանի պահանջներին չենթարկվելը։
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց "Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը" խորագրով բանաձևը, որի համաձայն, Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում՝ 2018 թվականից ի վեր: ԵԽԽՎ բանաձեւում ասվում է, որ Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել լուրջ քաղաքական ճգնաժամից, որը սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով: "Ճգնաժամը լուծվել է 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով, չնայած քաղաքական միջավայրի ուժեղ բեւեռացմանը", - նշվում է բանաձեւում: Բանաձեւի համահեղինակներն են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատգամավորներ Քիմմո Քիլյունենը եւ Բորիանա Աբերգը:
Այդ փաստաթղթի ընդունմանը դեմ է հանդես եկել հայ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը երապատգամավորներին մեղադրել է կանխակալության մեջ՝ Հայաստանի գործող իշխանությունների ոչ իրավաչափ գործողությունների ֆոնին, այդ թվում ՝ ԶԼՄ-ների եւ քաղբանտարկյալների նկատմամբ: