Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարանում տեղադրվեց խաչքար ի հիշատակ հերոսների, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության: Հուշակոթողի բացումը ձոնված է Հայոց բանակի տոնին և օծված է Հայ առաքելական եկեղեցու կողմից:
Երեք մետր բարձրությամբ խաչքարը քանդակված է միակուռ Սիսիանի բազալտե ապառաժից: Հեղինակը հայտնի քանդակագործ Էդիկ Հակոբջանյանն է: Հիմնաքարին հետևյալ արձանագրությունն է. «Հավերժ փառք Արցախյան ազատամարտի հերոսներին՝ ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցներից»:
Խաչքարի տեղադրման նախաձեռնողը ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանն է: Հուշակոթողը կառուցվել է գործարանի բոլոր աշխատակիցների հանգանակությամբ:
«Նշանակալի ներդրում ունեցան նաև մեր կապալառու գործընկերները: Նրանք կամովի մասնակցեցին խաչքարի հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքներին, իսկ գարնանը մտադիր են կանաչապատել այն: Աշխատանքները շատ որակյալ են կատարված, շնոևհակալություն նրանց», - ասաց գործարանի գլխավոր տնօրենը:
2020 թվականի աշնանը ԱՐՄԵՆԱԼ-ի 55 աշխատակիցներ կամ գործարանի յուրաքանչյուր տասերորդ տղամարդը, կամավորի, աշխարհազորայինի կամ պահեստազորայինի կարգավիճակով զենք վերցրին հանուն հայրենիքի պաշտպանության: Արցախյան պատերազմում նրանցից երկուսը հերոսաբար զոհվեցին, երեք ծանր վիրավորվեցին:
Գործարանի աշխատակիցները մարդասիրական և դրամական աջակցություն են ցույց տվել զինվորականներին և ռազմական գործողություններից տուժած արցախցիների ընտանիքներին: Դրա բաշխման ընթացքում ԱՐՄԵՆԱԼ-ը համագործակցել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Արաբկիրի, Ավանի, Դավթաշենի և այլ համայնքապետարանների հետ: Միջոցներ են հատկացվել նաև Զինծառայողների ապահովագրության հանրապետական հիմնադրամին և ուղղվել են ծանր վիրավորում ստացած զինվորի բուժմանը Գերմանիայում: ԱՐՄԵՆԱԼ-ականների հանգանակության ընդհանուր գումարը գերազանցում է 30 մլն. դրամը:
«Կոլելտիվի յուրաքանչյուր անդամ ոգևորությամբ է մասնակցում հայրենասիրական նախաձեռնություններին: Մենք ձգտում ենք բարի հետքը թողնել», - նշեց Արթուր Զաքարյանը: