Արմինֆո. Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջիկայում կքննարկեն ՀՀ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի հնարավոր առաջադրման հարցը:
Ինչպես հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հարցը դեռ չի քննարկվել։ Սակայն առաջիկայում խմբակցությունը կներկայացնի սեփական թեկնածուին, որը կընտրվի մի շարք չափանիշների հիման վրա։ Մինասյանը նշել է, որ նախագահը չպետք է լինի որեւէ կուսակցության անդամ եւ չի կարող լինել կառավարության կամ ընդդիմության թեկնածուն: "Նա պետք է ապահովի սահմանադրության մեջ ամրագրված մոտեցումների ամբողջական իրականացումը", - ասել է Մինասյանը:
"Պատիվ ունեմ" խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ պետք է, նախ, հասկանալ սեփական թեկնածուի առաջադրման նպատակահարմարությունը: Խմբակցությունը պետք է ձևավորի նաև իր վերաբերմունքը իշխանության թեկնածուի նկատմամբ, նշել է նա։
Նշենք, որ նախօրեին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հրաժարականի որոշման մասին Արմեն Սարգսյանն իրեն հեռախոսով հայտնել է այդ մասին պաշտոնական հայտարարությունից 2-3 ժամ առաջ: Վարչապետի ասելով, նախագահը նշել է, որ որոշումը վերջնական է։ Ինչպես վստահեցրել է վարչապետը, քաղաքական մեծամասնությունը չի հասցրել կողմնորոշվել նախագահի հնարավոր թեկնածուի հարցում։ Այս հարցում, ինչպես կարծում է Փաշինյանը, "երկրի առջեւ ծառացած սպառնալիքներին դեմ հանդիման" իշխանությունները պետք է ոգնան այնպիսի լուծումների, որոնք թույլ տան "քաղաքական ներդաշնակություն" հաստատել նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ: