Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին առաջարկվող զորքերի հայելային հետ քաշումը՝ սահմանների հետագա սահմանազատմամբ եւ սահմանագծմամբ, կավարտվի, ավելի շուտ, նոր պատերազմով, քան՝ խաղաղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաղորդել էր սահմանային գոտում իրավիճակի ապաԷսկալացման վերաբերյալ Հայաստանի առաջարկությունների փաթեթի մասին, որը փոխանցվել է Ադրբեջանին: Զորքերի հայելային հետ քաշման, անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման միջոցով ենթադրվում է արագացնել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը։ Հունվարի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին հաղորդել է, որ Երեւանի այդ առաջարկներին Բաքվից պատասխան դեռ չի ստացվել: Նրա խոսքով ՝ զորքերի հետ քաշման դեպքում հիմք կընդունվեն խորհրդային շրջանի քարտեզները։ Ըստ Գրիգորյանի, սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում Հայաստանի բնակավայրերը չեզոք գոտում չեն հայտնվի, քանի որ հայ զինվորականները հայելային հեռացման դեպքում կտեղակայվեն հենց սահմանամերձ բնակավայրերի մերձակայքում:
"Ես բացարձակապես չեմ կիսում մեր ղեկավարության լավատեսությունը, որը համարում է, որ նման միջոցներով կարելի է խուսափել հերթական պատերազմից՝ ապագայում։ Ընդհակառակը, զորքերի հայելային հետ քաշումը Բաքվի համար կդառնա նոր դիրքերում ամրապնդվելու եւ հերթական ագրեսիային նախապատրաստվելու հերթական հնարավորությունը։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանն ստիպված կլինի երկար մտածել հերթական հարձակման համար պատրվակ գտնելու մասին։ Այսպես թե այնպես, ցանկության դեպքում, Բաքվում միշտ կարող են հերթական սադրանքը կազմակերպել և դրանում մեղադրել մեզ", - նշել է նա։
Վերլուծաբանը համոզված է, որ հայելային հետ քաշման իրականացումը բնավ ձեռնտու չէ դա նախաձեռնող Հայաստանին, քանի որ հայ զինվորականները, ի տարբերություն ադրբեջանցիների, նահանջելու են իրենց տարածքում: Առաջին հերթին, Ադրբեջանի կողմից սեփական պարտավորությունների չկատարման պատճառով, նույնիսկ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ եռակողմ հայտարարության շրջանակներում: Չնայած Արմեն Գրիգորյանի հավաստիացումներին՝ Պապյանն առանձին սպառնալիք է համարում սահմանամերձ հայկական գյուղերի՝ չեզոք գոտում հայտնվելու հեռանկարը, որն առաջարկում է ստեղծել Երեւանը:
Ըստ Պապյանի՝ Ադրբեջանն արդեն խախտել է, ընդ որում, շատ տեղերում, անգամ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ ժամանակների վարչական սահմանները։ Չխոսելով այն մասին, որ միասնական ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի հանրապետությունների միջեւ սահմանները չեն կարող եւ չպետք է ուղենիշ լինեն երկու ինքնիշխան պետությունների սահմանները որոշելու համար։ Վերջիններս, նրա կարծիքով, պետք է որոշվեն անկախ, միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության գոյության ժամանակների քարտեզների հիման վրա։ Մնացած բոլոր առաջարկները վերլուծաբանը գնահատում է որպես անհեթեթ և վերջնագրային։ Թեկուզ այն պատճառով, որ դրանք պայմանավորված են պատերազմի սպառնալիքով Հայաստանի հերթական նահանջ ապահովելու ձգտումով։