Արմինֆո. Ռուսաստանը ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին, դրա մանդատին համապատասխան։ Այդ մասին հունվարի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի առաջնորդի այն պնդումներին, թե Մինսկի միջնորդների հետագա գործունեության աննպատակահարմարությունը պայմանավորված է այն բանով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծվել է Ադրբեջանի կողմից՝ ուժային ճանապարհով։
Զախարովայի ասելով, միջնորդների գործունեությունը պետք է իրականացվի նաեւ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո: "Մեր այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դա իր արտացոլումն է գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ", - ասել է նա։
Ընդ որում, Զախարովան հիշեցրել է, որ այդ հայտարարության մեջ Բաքվին ու Երեւանին կոչ է արվում մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին տարածաշրջանում, ինչը նրանց թույլ կտա գնահատել իրավիճակն անմիջականորեն տեղում, շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռանախագահների հանդիպումներում: "Հիշյալ շփումների արդյունքում, իսկ դրանք տեղի են ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին եւ նոյեմբերին, համապատասխանաբար, Նյու Յորքում եւ Փարիզում, համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳՆԽ հարթակներում երկու նախարարներին են փոխանցել հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ: Դա նպատակաուղղված էր հրատապ հումանիտար խնդիրների լուծմանը, և, առաջին հերթին, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցում", - ամփոփել է Զախարովան։
Նշենք, որ հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Հերթական անգամ քննադատելով նրանց աշխատանքը՝ Ալիևը հայտարարել է, որ միջնորդները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, և եթե հակամարտող կողմերից մեկն ասում է, որ հարցը լուծված է, ապա միջնորդություն այլևս չի պահանջվում։ Ընդ որում, նա սպառնացել է կոշտ գործողություններով, եթե, այնուամենայնիվ, միջնորդները որոշեն միջամտել։