Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական երկար ժամանակ չեն այցելում Արցախ։ Այդ մասին հունվարի 19-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ նրանց վերջին այցը Ստեփանակերտ եղել է 2019 թվականի վերջին։ Բաբայանի խոսքով ՝ հետո համավարակ էր, պատերազմ, ու նրանց այցերը մշտապես հետաձգվում էին։ "Սակայն, սրանք բոլորը տեխնիկական խոչընդոտներ են: Քաղաքական տեսանկյունից ավելի լուրջ խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանը, որը, ամենայն հավանականությամբ, խոչընդոտում է նրանց այցին, տարբեր խնդիրներ է առաջացնում։ Անշուշտ, մենք համանախագահների հետ կապի մեջ ենք։ Գիտեք, որ Արցախի նախագահի Երևանում հանդիպել է ռուսաստանցի նոր միջնորդի հետ, որին ներկա եմ եղել նաև ես", - ասել է Բաբայանը, հավելելով, որ Արցախում բարձր են գնահատում այդ հանդիպումը, որն անցել է կառուցողական մթնոլորտում, և քննարկվել են կարևոր հարցեր։
Միաժամանակ, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ միջնորդներն, այնուամենայնիվ, կայցելեն Արցախ՝ չնայած Ադրբեջանի խոչընդոտներին։ Այդ առումով նա մատնանշել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում հնչել է նաև քննադատություն միջնորդների հասցեին։ "Ադրբեջանի տրամաբանությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Բայց չեմ կարծում, որ համանախագահող երկրները ենթարկվեն այդ շանտաժին, և Ադրբեջանը հասնի իր նպատակին։ Նպատակին հասնելը դժվար է, ավելի հեշտ է ստեղծել խոչընդոտներ: Դրա համար էլ ուզում եմ ասել, որ մենք սպասում ենք նրանց այցին, տարբեր խողովակներով մենք կապ ունենք նրանց հետ, և մենք կարող ենք նրանց մեր տեսակետը հասցնել", - եզրափակել է Բաբայանը։
Նշենք, որ հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Հերթական անգամ քննադատելով նրանց աշխատանքը ՝ Ալիևը հայտարարել է, որ միջնորդները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, և եթե հակամարտող կողմերից մեկն ասում է, որ հարցը լուծված է, ապա միջնորդություն այլևս չի պահանջվում։ Ընդ որում, նա սպառնացել է կոշտ գործողություններով, եթե, այնուամենայնիվ, միջնորդները որոշեն միջամտել։