Արմինֆո. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հաղորդել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:
Նշենք, որ հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Հերթական անգամ քննադատելով նրանց աշխատանքը՝ Ալիևը հայտարարել է, որ միջնորդները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, և, եթե հակամարտող կողմերից մեկն ասում է, որ հարցը լուծված է, ապա միջնորդությունն այլևս չի պահանջվում։ Ընդ որում, նա սպառնացել է կոշտ գործողություններով, եթե բոլոր միջնորդները որոշեն միջամտել։