Արմինֆո. Արցախում չի քննարկվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչը դադարեցնելու հարցը։ Այդ մասին հունվարի 18-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշելով, որ բանակի մասով ինքը շատ բան ասել չի կարող, քանի որ ինքը չէ, որ ղեկավարում է այդ ոլորտը, Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախում չի քննարկվում լիովին պայմանագրային ծառայության անցնելու հարցը։ "Մենք չենք անցնում լրիվ պայմանագրային զինվորական ծառայության, նման որոշում չկա ։ Բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչը շարունակվելու է, հակառակի մասին որոշում չկա ։ Ինչպես և նախկինում, Արցախում կանցկացվի զորակոչ։ Կցանկանայի ընդգծել, որզոորաակոչը դադարեցնելու հարցի շուրջ քննարկումներ անգամ չկան", - ասել է պետնախարարը։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի ձևավորման հարցին՝ Բեգլարյանը նշել է, որ ներգրավված չէ քննարկման գործընթացում, և մանրամասները հայտնի կդառնան, երբ օրինագիծը ներկայացվի խորհրդարանում, որտեղ տեղի կունենան բաց քննարկումներ: "Ընդհանուր գծերով կարող եմ ասել, որ ոստիկանական ուժերը ներգրավվելու են ներքին անվտանգության և, ըստ անհրաժեշտության, արտաքին պաշտպանության հարցերում", - ամփոփել է նա:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները բազմիցս գրել են Արցախի զինված ուժերի լուծարման մասին։ Նշվում էր, որ Ադրբեջանը նման պայման է դրել Հայաստանի առջև՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։