Արմինֆո.Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման նախաշեմին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, Մոսկվայում ավարտվել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը տեւել է 1,5 ժամ։ Հանդիպման արդյունքների վերաբերյմալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի միջեւ բանակցություններն անցել են դրական եւ կառուցողական մթնոլորտում: "Դրական եւ կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական կարծիքներ են փոխանակել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների՝ լիակատար կարգավորման նպատակով ։
Նրանց երկրորդ հանդիպման ամսաթիվը եւ վայրը կորոշվեն ժամանակին՝ դիվանագիտական խողովակներով", - նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։