Արմինֆո.Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողության հույս ունի։ Այդ մասին հունվարի 14-ին 2021 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։
"Թուրքիան եւ Հայաստանն իսկապես նշանակել են հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ։ Ռուսաստանն օգնել է հատուկ ներկայացուցիչների նշանակման շուրջ պայմանավորվածության հասնելու հարցում։ Մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում", - ասել է ռուս նախարարը, հավելելով, որ այդ գործընթացում Ռուսաստանի դերը կայանում է նրանում, որպեսզի օգնի ուղիղ երկխոսություն հաստատել։
Հիշեցնենք Մոսկվայում հանդիպմանը Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը: