Արմինֆո.Ֆրանսիայից Եվրախորհրդարանի անդամ, արտաքին գործերի կոմիտեի անվտանգության եւ պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն կտրուկ է արձագանքել երկրում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաեւի թվիթերյան գրառմանը, որը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե Բաքուն "թույլ չի տա" ԵԱՀԿ ՄԽ-ին զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:
Ի պատասխան Ալիևի այն գրառմանը, թե ինքը պատկերացում ունի այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ պետք է անի, և ինչ չպետք է անի, և որ այն չպետք է զբաղվի "ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետև այն արդեն լուծված է Ադրբեջանի կողմից, և ԵԱՀԿ ՄԽ-ն դրանով չի զբաղվի, որովհետև Բաքուն դա թույլ չի տա", Լուազոն, մասնավորապես, ասել է. "Պարոն դեսպան, դիվանագիտությունը, նախևառաջ, հարգանքն է այն երկրի հանդեպ, որտեղ պատիվ ունեք ծառայել: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Նախօրեին երեք հայ է զոհվել"։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը կոպիտ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, թե կարող է ֆրանսիացիներին հետ պահել հայ ժողովրդի հետ համերաշխություն հայտնելուց՝ բողոքի նոտաներ հղելով ֆրանսիացի խորհրդարանականների Արցախ այցերի առնչությամբ:
Նշենք, որ հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանին սպառնացել էր երրորդ պատերազմով, վստահեցնելով, որ իրեն ոչ ոք չի կանգնեցնի։ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր Հայաստանի ինքնիշխան տարածքների, այդ թվում ՝ մայրաքաղաքի հանդեպ իր հավակնությունների մասին։ Նա նաեւ դժգոհություն էր հայտնել Մինսկի խմբի համանախագահների և ռուս խաղաղապահների գործունեությունից և փորձել էր ինքնահաստատվել ՀՀ նախկին նախագահների հաշվին։