Արմինֆո. Թուրքիան լիովին կարող է փորձել լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
"Հաշվի առնելով վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի միանգամայն բացահայտ հայտարարությունը, որի համաձայն, Թուրքիան ամենեւին մտադիր չէ հաշվի նստել Ռուսաստանի կարմիր գծերի հետ, Հարավային Կովկասը նույնպես կարող է դառնալ վեկտոր, որի վրա Անկարան միանգամայն կարող է փորձել հատել այդ գծերը։ Վերջինս, անկասկած, լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի բնակչության անվտանգության համար։ Թեև վերջին ամիսներին ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներն, ընդհանուր առմամբ, նվազել են", - նկատել է նա։
Սարգսյանի կարծիքով՝ լավագույն վիճակում չեն գործերը նաեւ միջազգային հարաբերություններում, ընդհանուր առմամբ։ Մասնավորապես, Ուկրաինայի ուղղությամբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսսատանի վերջին գործողությունների լույսի ներքո։ Ըստ սոցիոլոգի՝ իրավիճակը չեն մեղմում նաև ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ուղղված Մոսկվայի վերջնագրերը։ Ինչը, ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, նախադրյալներ է ստեղծում ՌԴ-Ուկրաինա սահմանին ռազմական բախումների համար։
Նման անկայուն իրավիճակը և դրան առնչվող գլխավոր հեռանկարները, սոցիոլոգի կարծիքով, պետք է դրդեն հայ հասարակությանը և ղեկավարությանը հրաժարվել կարծրատիպերից և սկսել ավելի սթափ գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը։ Իսկ սեփական ուժերով եւ սեփական շահերից ելնելով սեփական երկրի կառուցման փաստի գիտակցումը, նրա կանխատեսումներով, անխուսափելիորեն կհանգեցնի այն փաստի գիտակցմանը, որ Հայաստանի բնական դաշնակիցներն են Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը, Հնդկաստանը, արաբական աշխարհի որոշ երկրներ:
"Այդ բոլոր երկրները մեր տարածաշրջանում թուրքական ազդեցության աճի հակառակորդներ են։ Եվ եթե մենք գիտակցենք այդ տարրական փաստը և սկսենք գործել հաշվի առնելով այն, ապա ժամանակի ընթացքում կլուծվի նաև մեր գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովման խնդիրը։ Առայժմ մեր հասարակությունը համառորեն չի ցանկանում տեսնել, որ մեր ռազմական դաշնակիցն ունի սեփական շահերը, որոնք, ցավոք, հակասում են մեր շահերին։ Չի ցանկանում տեսնել՝ ֆոբիաներից ելնելով։ Ընդ որում, ինչպես դաշնակցային Ռուսաստանի, այնպես էլ թշնամական Թուրքիայի նկատմամբ եւ, համապատասխանաբար, շարունակում է ապրել մշտական հակամարտության մթնոլորտում", - ընդգծել է նա։
Ըստ սոցիոլոգի, այդ ֆոբիաները պայմանավորված են հասարակության շրջանում հետագա գործողությունների, համապատասխանաբար, հեռանկարների ընկալման բացակայությամբ: Եվ շատերը երկրում, նրա գնահատականներով, դեռ շարունակում են իներցիայի ուժով անվերապահորեն հուսալ և ապավինել միայն Ռուսաստանին՝ սեփական անվտանգության ապահովումը կապելով բացառապես Մոսկվայի հետ։ Եվ դա՝ ի հեճուկս վերջին տարիներին փոխված աշխարհաքաղաքական իրողությունների, ինչի վառ արտացոլումը դարձավ, ըստ էության, 44-րդ օրվա պատերազմի բուն փաստը։ Նման իրավիճակը սոցիոլոգը գնահատում է որպես հոգեբանական խնդիր, որը թույլ չի տալիս հասարակությանն իրապես գնահատել իրավիճակը և գիտակցել, որ բացի ՌԴ-ից, Հայաստանն աշխարհում ունի նաև այլ պոտենցիալ գործընկերներ և դաշնակիցներ։