Արմինֆո. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Բելառուսը Ղազախստան է ուղարկում 500 զինծառայող, Ռուսաստանը՝ 3000, Տաջիկստանը՝ 200, Հայաստանը՝ 70 զինծառայող։ Ղրղզստանը խորհրդարանի որոշման կարիք ունի: