Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ ռեսուրսը, որը նրան թույլ է տալիս գոնե ինչ-որ կերպ պահել իշխանությունը, մնում է վերնախավերի ճգնաժամը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Այդ ճգնաժամն այսօր Հայաստանում միանգամայն էական է և շատ հարցերում հենց այն ունի կանխորոշիչ նշանակություն։ Մենք ունենք վերնախավ, որը բարձրացնում է հարցեր ու խնդիրներ, բայց չկա վերնախավ, որը կարող է պատասխանել այդ հարցերին և լուծել այդ խնդիրները։ Այսպես ասեմ. պարզվեց, որ հարցեր բարձրացնող վերնախավն ի զորու չէ դրանք լուծել, առաջին հերթին, այսպես կոչված, ուժային վերնախավի՝ սեփական գործառույթներն իրականացնելու ցանկության բացակայության կամ անկարողության պատճառով", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով հասարակության վիճակն ու տրամադրությունները՝ քաղտեխնոլոգն ընդգծել է դրանցում էական փոփոխությունների առկայությունը։ Այս լույսի ներքո, վկայակոչելով անցնող տարվա տեղական ընտրությունների արդյունքները, նա արձանագրել է Փաշինյանի վարկանիշի անկումը ողջ երկրում՝ մինչեւ նվազագույն։ Եվ, իհարկե, իշխանության էական, աննախադեպ թուլությունն ինստիտուցիոնալ մակարդակում։ Այս լույսի ներքո՝ Հակոբյանն ընդգծել է, որ կառավարող կուսակցությունը դեռեւս իշխանության ղեկին է մնում առայժմ թույլ ընդդիմության շնորհիվ: Ընդ որում, վերջինս, նրա կարծիքով, սպասում է իր ժամին:
Անցնող տարվա արդյունքներին նվիրված Փաշինյանի վերջին առցանց ասուլիսը եւ "լայվերից" նրա հրաժարվելը քաղտեխնոլոգը դիտարկում է որպես 44-օրյա պատերազմից եւ, հատկապես, դրա արդյունքներից հետո հասարակության հետ շփվելու վարչապետի ցանկության բացակայության վկայություն: Ընդ որում, ինչպես իրական՝ լրագրողների հետ "կենդանի" շփման տեսքով, այնպես էլ վիրտուալ, նույնիսկ, "լայվերի" տեսքով։
"Պետք է հասկանալ, և, կարծում եմ, Փաշինյանն՝ ինքը, դա շատ լավ հասկանում է, որ այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական կայունություն չեն բերել երկրին։ Պատճառը փոփոխությունների, առավել ևս, անցած տարվա պատերազմում Հայաստանի պարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման անհնարինությունն է։ Ընդ որում, հանուն արդարության պետք է ընդգծել, որ հայ հասարակության շրջանում դեռ կան մարդիկ, ովքեր որպես դոգմա են ընդունում այն ամենն, ինչ ասում է Փաշինյանը։ Նման մարդիկ անտարբեր են ամեն ինչի նկատմամբ՝ ներառյալ Արցախի ճակատագիրը", - ամփոփել է քաղտեխնոլոգը։