Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կարծում է, որ "3+3" տարածաշրջանային ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, խոսելով "3+3"ձևաչափին Իրանի մասնակցության մասին, նշել է, որ դա համագործակցություն է հօգուտ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, եւ ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս օտարերկրյա տերություններն իրավունք չունեն միջամտելու տարածաշրջանային հարցերին։ Նա նաեւ հավաստիացրել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, հաղորդում Է Mehr-ը:
Ալիեւը, իր հերթին, հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ ինքնուրույն, հավելելով. "Մենք դեմ ենք տարածաշրջանից դուրս գտնվող երկրների նրեգրավմանը տարածաշրջանային հարցերում: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային կապերն օգտակար են տարածաշրջանի բոլոր երկրների համար"։
Մինչդեռ, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Աբդոլահիանը Բաքվում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում նշել է, որ Աշխաբադում Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվել են "քառյակի" ձեւաչափի կազմակերպման մասին՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ: "Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, տարածաշրջանից դուրս երկրների միջամտության անհրաժեշտություն չկա, մեզ պետք չէ նրանց օգնությունը, նրանք չեն կարող տեղ ունենալ մեր տարածաշրջանում, տարածաշրջանի երկրներն ունեն կամք իրենց խնդիրները լուծելու համար:
Մենք կողմ ենք տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ստեղծված հարթակները պատուհան են մեզ համար։ Այդ հարթակների ուժեղացումը նվազեցնում է արտասահմանյան երկրների ազդեցությունը տարածաշրջանում եւ ձեւավորում է նույն քաղաքական գրականությունը տարածաշրջանի երկրների շրջանում", - ընդգծել է նախարարը։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել "3+3" խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը ' ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների եւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
ՌԴ ԱԳՆ-ից հաղորդել են, որ նիստի ընթացքում քննարկվել են բազմապլան տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները: "Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել գործնական հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար ։ Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել պլատֆորմի աշխատանքին Վրաստանի միանալու հարցում, որի համար "դուռը" բաց է մնում": Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ "պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների հնարավոր միացման" հետ կապված հետագա աշխատանքների ծրագրերը", - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը չի ներկայացվի "3+3"ձևաչափի հանդիպմանը ։