Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների։
«Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին», - հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք. ավելի վաղ ԱրմԻնֆոն գրել էր, որ հայկական կողմը գերի է վերցրել երկու ադրբեջանցի զինվորականների, որոնցից մեկը կապիտանի կոչում ունի: Հարկ է նաև նշել, որ մինչ ադրբեջանցի զինվորականներին Բաքվին հանձնելը, ՀՀ և ԱՀ պաշտպանական գերատեսչությունները լռություն էին պահպանում ԶԼՄ-ներում տարածվող ադրբեջանցի զինվորականների ձերբակալության տեսանյութերի և կադրերի վերաբերյալ։
Ուշագրավ է, որ հայկական կողմն այս դեպքում օգտագործում է "սահմանախախտներ" տերմինը, իսկ ադրբեջանական կողմը նման իրավիճակում ավելի հակված է հայ զինվորականներին "ահաբեկիչներ", "օկուպանտներ" անվանել ։ Ավելին, ադրբեջանական կողմը չի խորշում գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումների կադրերը տարածել համաշխարհային սարդոստայնում։ Հիշեցնենք նաև, որ ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանը հաստատում է իր մոտ 50-ից ավելի հայ ռազմագերիների առկայությունը, սակայն ավելի քան մեկ տարի է, ինչ հրաժարվում է վերադարձնել նրանց, նույնիսկ, մարդասիրական նկատառումներով, և նրանց մեծ մասը դատապարտվել է երկար ժամկետով՝ մտացածին մեղադրանքներով: Փորձագետները նաև հակված են կարծելու, որ ադրբեջանական գերության մեջ է գտնվում մի քանի հարյուր հայ ռազմագերի և պատանդ։