Արմինֆո.Վրաստանի եւ Հայաստանի միջեւ "իդեալական հարաբերություններ" են հաստատվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է "Նովոստի-Գրուզիան", այսօր հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից առաջ, որը պետք է տեղի ունենար դեռևս 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի և Արցախի պատերազմի պատճառով։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը պետք է խոսքից իրական գործի անցնեն։ "Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական համագործակցությունը վերածվի իրական գործի։ Մենք պետք է զարգացնենք սերտ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները, խոսենք տարածաշրջանային նախագծերի, ենթակառուցվածքների, այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն երկու երկրների համար։ Հենց այդ նպատակով ենք այսօր հավաքվել", - հայտարարել Է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացվում է վարչապետների մակարդակով ՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև ձեռք բերված նախաձեռնության և պայմանավորվածության համաձայն: "Սա արդեն երկրորդ այցն է Վրաստան այս տարի։ Ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ արդեն երկու անգամ պաշտոնական այցով Երևանում եմ եղել այս տարի ։ Եվ դա իսկապես մատնանշում է մեր միջև առկա սերտ հարաբերությունները, համագործակցությունը, բարյացակամությունը։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ հարաբերությունների, այդ տրամադրվածության համար", - ասել Է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ընդգծել է, որ հենց Նիկոլ Փաշինյանի հետ իր սերտ կապերի շնորհիվ է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հաստատվել են "իդեալական հարաբերություններ": "Կարելի է հպարտությամբ և գոհունակույթյամբ ասել, որ նման հարաբերություններ չեն եղել մեր երկրների միջև։ Անշուշտ, մենք միշտ էլ ունեցել ենք շատ սերտ եւ բարեկամական հարաբերություններ, սակայն կարելի է ասել, որ հենց մեր վաստակի շնորհիվ կառավարությունների, մեր երկրների միջեւ ոչ մի թյուրըմբռնում չկա, եւ մենք իսկապես իդեալական հարաբերություններ ունենք", - հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Նովոստի-Գրուզիան հիշեցնում է, որ Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հուլիսի 17-ին։ Երկրները համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, եւ առավել ինտենսիվ՝ առեւտրի եւ տնտեսության ոլորտում: Երկրների միջեւ գործում է ազատ առեւտրի ռեժիմ, Հայաստանը Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերների տասնյակում է: Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 611,7 մլն դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: