


Արմինֆո.Այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի նպատակը երկրի գլխավոր ուսումնական հաստատության ռեկտորի ընտրությունն էր:
Հոգաբարձուների խորհրդի փակ նիստի արդյունքում ԵՊՀ ռեկտոր է ընտրվել ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ այդ պաշտոնի միակ թեկնածուն: "Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը 19 "կողմ" և 5 "դեմ" ձայներով հինգ տարի ժամկետով ընտրել է ռեկտոր-կառավարչին։ Քանի որ ես առաջադրված միակ թեկնածուն էի, հետևաբար, ես ընտրվեցի ԵՊՀ ռեկտոր", - լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նիստը փակ էր կանոնակարգի համաձայն, եւ դրան մասնակցել են միայն ԵՊՀ հոգաբարձուները, ինքն՝ անձամբ, ներկա չի եղել քվեարկությանը: Նա նաեւ հրաժարվել է գնահատական տալ հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ բուհի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել համալսարանի դիմաց: Ուսանողները բուհի ռեկտորի ընտրությունն անօրինական են անվանել։ Մասնավորապես, ուսանողները դժգոհ էին, որ առաջադրված միակ թեկնածուն իշխանամետ Հովհաննես Հովհաննիսյանն էր՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ։ Նրանք նաև անգաժավորված են համարել ինչպես հոգաբարձուների խորհուրդը, այնպես էլ արդեն ընտրված ռեկտորին։
Ուսանողները Երեւանի պետական համալսարանի շենքում տարածել են թռուցիկներ՝ "Ոչ ԵՊՀ-ի "ՔՊ"-իզացմանը", "ԵՊՀ-ն "Քաղաքացիական պայմանագրի" գրասենյակ չէ" գրառումներով:



