Արմինֆո. Եվրամիությունը մտադիր է 2,3 մլրդ եվրո հատկացնել "Արեւելյան գործընկերության" մասնակից երկրների համար ներդրումների տեսքով: Այդ մասին հայտարարվել է Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, որտեղ ԵՄ երկրների ղեկավարները հանդիպել են նախկին խորհրդային հինգ հանրապետությունների ղեկավարների հետ։
Ինչպես հայտարարել է գագաթնաժողովում նախագահող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այդ հավակնոտ տնտեսական եւ ներդրումային ծրագիրը կոչված է լուրջ ազդեցություն ունենալու հասարակության վրա:
Ինչպես հաղորդում է «Եվրոնյուսը», գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է նաեւ Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որը, ինչպես պնդվել է, ագրեսիվ ծրագրեր է որդեգրել, ինչի մասին, մասնավորապես, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: "Կոչ ենք անում Ռուսաստանին ապաԷսկալացման, կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագա ցանկացած ագրեսիվ գործողություններից։ Մենք Ուկրաինային վստահեցրել ենք նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու հարցում։ Եվ, իսկապես, ոչ մի կասկած չպետք է լինի, որ Եվրամիությունը հաստատակամորեն կարձագանքի Ուկրաինայի դեմ ագրեսիայի ցանկացած հետագա դրսեւորուման", - նշել է նա։
Մինչդեռ, գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը չի հիշատակվում, և խոսք չի գնում նրա նկատմամբ որևէ պատժամիջոցի մասին։ Փաստաթղթում նաեւ չի շոշափվում "Արեւելյան գործընկերության" մասնակից երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների հարցը:
Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ասվում է, որ ԵՄ-ն, նախկինի պես, հանդես է գալիս "Արեւելյան գործընկերության" բոլոր երկրների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման օգտին՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Այնտեղ ասված է նաեւ ժողովրդավարության ամրապնդման եւ օրենքի գերակայության անփոփոխ ձգտման մասին, եւ այն մասին, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը մնում է "Արեւելյան գործընկերության" շրջանակներում համագործակցության գլխավոր նպատակը:
Երեկ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ բոլոր երկրների և "Արևելյան գործընկերության" անդամ հինգ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները Բելառուսը չի մասնակցել գագաթնաժողովին։ Մինսկը ներկայացված է եղել խորհրդանշական դատարկ աթոռով եւ դրոշով: Հայաստանը Գագաթնաժողովին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։