Արմինֆո.Մեր հասարակությանը չհաղորդելով ղարաբաղյան կարգավորման շուրջ բոլոր, նույնիսկ, ամենացնցող իրողությունները, սկսած հենց 2018-ին իշխանության գալուց եւ վերջացրած 2020թ. աշնանը պատերազմի նախաշեմին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ սխալ է գործել, և ամենևին էլ փաստ չէ, որ այն չի կրկնվի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Իր վերջին մամուլի ասուլիսում Փաշինյանը, փաստորեն, ճանաչեց իր հասցեին ուղղված կշտամբանքների արդարացիությունը՝ այդ ընթացքում իր եւ հասարակության միջեւ անկեղծ խոսակցության բացակայության պատճառով։ Մասնավորապես, ամենացնցող թեմաների շուրջ, ներառյալ՝ 7 շրջաններից հեռանալու Հայաստանի պատրաստակամությունը և, ի պատասխան, Բաքվին նոր պահանջների առաջադրումը։ Համոզված եմ, որ Փաշինյանը, պարզապես, պարտավոր էր հանրությանը ներկայացնել իրադարձությունների իրական պատկերը։ Եվ դա չանելով՝ նա, հնարավոր է, անկեղծ չէր ոչ միայն ժողովրդի, այլ նաև ինքն իր հանդեպ", - նշել է փորձագետը։
Այս լույսի ներքո՝ Նավասարդյանը նշել է, որ ինքը, պարզապես, չի ուզում հավատալ, որ իմանալով իրավիճակի ողջ բարդության մասին, հասկանալով, թե ինչ է այդ ամենն սպառնում Հայաստանին ու Արցախին, Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել հայ ժողովրդի գլխին կախված պատերազմի վտանգը կանխելու ուղղությամբ: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նման քայլեր լիովին կարելի էր ձեռնարկել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Բաքվի հետ հարաբերություններում:
"Ցավոք, այս բոլոր քայլերը մենք այդպես էլ չտեսանք։ Ավելին, մենք տեսանք քայլեր, գործնականում, հակառակ ուղղությամբ։ Դա, իմ կարծիքով, ավելի շուտ, վկայում է այն ժամանակվա իրողությունների ոչ բավարար գիտակցման մասին։ Խնդիրներին խորամուխ լինելուց խուսափելու, դրանք չնկատելու, այլ գործերով զբաղվելու փորձի մասին: Իմ կարծիքով, նման զուտ մարդկային վարքագիծը պետության ղեկավարի համար անթույլատրելի է։ Հատկապես, հաշվի առնելով այն իրավիճակը, որում դեռևս գտնվում է Հայաստանը։ Բայց այսօր այս ամենումեջ Ինձ մտահոգում է ոչ թե անցյալը, այլ՝ ապագան։ Մասնավորապես, այն, թե արդյոք Փաշինյանը պատրաստ է ընդունել սեփական սխալները, բացառել դրանց կրկնությունը և փորձել շտկել դրանք։ Առայժմ ես նման պատրաստակամություն չեմ տեսնում", - ամփոփել է Նավասարդյանը։