Արմինֆո.Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման հարցերին նվիրված "3 + 3" ձեւաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
"3+3 ձեւաչափով համագործակցության տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը, որը առաջարկվել է մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիեւի կողմից՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար, տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10 - ին Մոսկվայում", - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, հաղորդում է «Անադոլու»-ն:
Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարները: Թուրքիան կներկայացնի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը կարող է շահագրգռված լինել "3+3" ձևաչափով, եթե այդ հարթակում չքննարկվեն այն հարցերը, որոնք Հայաստանն արդեն քննարկում է այլ ձևաչափերի շրջանակներում: Վարչապետի խոսքով ՝ այդ հարցը Հայաստանի իշխանություններն արդեն հասցրել են քննարկել իրենց ռուս գործընկերների հետ։ "Այդ հարցը մենք արդեն քննարկել ենք մեր ռուս գործընկերների հետ։ Նրանք իրենց համաձայնությունն են հայտնել այդ կարծիքին։ Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին, տեղի կունենա, այսպես կոչված, նախնական նիստ՝ "3+3" կամ "3+2" ձևաչափով։ Հայաստանը այդ հանդիպմանը կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով", - ասել է Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել եւ այժմ աշխատում է այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել այդ հարթակին՝ այնտեղ Ռուսաստանի ներկայության պատճառով։