Արմինֆո.Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Այդ մասին հաղորդել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: «Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը», - գրել է Արման Թաթոյանը:
Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, ովքեր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ շենքի մոտ, փակել էին Դեմիրճյան փողոցն ու Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են Հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ոոստիկանները փորձել են վերականգնել երթեւեկությունը, մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Նյութի հրապարակման պահին ԱրմԻնֆո-ին չի հաջողվել ոստիկանությունից ճշտել բերման ենթարկված խաղաղ ցուցարարների ստույգ թիվը։ Հիշեցնենք, որ երեկվանից անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր պետական հաստատությունների առջև։ Դժգոհության համար առիթ են դարձել գերեվարված զինծառայողների հասցեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները: