Արմինֆո. 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում:
«Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝
բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը,
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:
Դատարանը նաև հիշեցրել է Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները ընդմիշտ հեռացվել են ռազմավարի պուրակից և հետագայում չեն ցուցադրվելու:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջներին՝ դատարանը մերժել է դրանց հիմնական մասը, այդ թվում` ականապատ տարածքների քարտեզների տրամադրման և Հայաստանի կողմից ականապատումն արգելելու վերաբերյալ:
Դատարանը մասնակիորեն բավարարել է Ադրբեջանի ներկայացրած միայն մեկ պահանջ, այն է՝ պարտավորեցնել Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական ատելության հրահրումը և խթանումը կանխելու համար, այդ թվում՝ անհատների և կազմակերպությունների կողմից»:
Երկու որոշումներում դատարանը պարտադրել է կողմերին զերծ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնք կարող են հանգեցնել քննվող վեճի սրմանը կամ երկարաձգմանը` դատարանի համար դժվարացնելով վեճի լուծումը:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ, Հայաստանը խնդրել էր դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: