Արմինֆո.Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում "Արևելյան գործընկերության" գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին արդեն տեղի են ունենում իրադարձություններ, որոնք քիչ չեն ազդի այդ հանդիպման արդյունքների վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանուն հանրապետության" կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Մենք արդեն տեսանք, թե ինչով ավարտվեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Ստոկհոլմ։ Տեսանք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական եռակողմ հանդիպման արդյունքները։ Եվ այժմ սպասում ենք դեկտեմբերի 9-10-ը Վաշինգտոնում կայանալիք "Հանուն ժողովրդավարության" գագաթնաժողովին Հայաստանի ղեկավարության մասնակցության արդյունքներին։ Միայն այս երեք կարեւորագույն փուլերից հետո բանակցությունները կմտնեն բրյուսելյան փուլ", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Սոչիի բանակցությունների արդյունքները՝ Մեհրաբյանն առանձնացրել է առկա իրավիճակից դուրս գալու տրամաբանական ուղիների ձեւավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին 44-օրյա պատերազմից հետո ամենամասշտաբային բախումներից հետո: Նրա կարծիքով, չնայած այդ որոշումների ժամանակավոր, դրվագային, մարտավարական բնույթին, կարեւոր է, որ Երեւանին հաջողվել է գործնական իրականացման մղել Բաքվի հետ առկա հակասությունների լուծման սեփական մեթոդաբանությունը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ խոսքը գնում է խնդիրները առանձին տարրերի տարանջատելու Հայաստանի մշտական առաջարկների մասին՝ ապագայում խնդիրների ընդհանուր լուծման հասնելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ եթե այսօր հնարավոր չէ այս կամ այն խնդիրը լուծել, ապա կողմերը գնում են այն խնդրի լուծումը քննարկելու ճանապարհով, որը կարելի է լուծել, ընդ որում, լուծել՝ ելնելով երկու կողմերի շահերից։ "Որպես արդյունք՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները բաժանված են երեք մեծ քեյսի։ Առաջինը՝ դելիմիտացիա և դեմարկացիան է։ Երկրորդը ապաշրջափակումն է։ Եվ երրորդը, ըստ էության, Արցախի խնդիրն է։ Պատերազմի արդյունքում, այս ամենին գումարվել են հումանիտար հարցեր. գերիներ, տեղահանված անձինք և այլն: Հասկանալի է, որ ամենաբարդ քեյսն Արցախն է: Եվ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում այդ խնդրի լուծումմ ես չեմ տեսնում։ Սակայն մնացած խնդիրների լուծման հնարավորություն կա։ Եվ Սոչիի հայտարարության բովանդակությունը հենց այդ մասին է", - ամփոփել է Մեհրաբյանը։