Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հենց 90-ականների սկզբին ձևավորված ընտրակեղծիքների բազմամյա պրակտիկան է խաթարել պետական դիմադրության համակարգը և բերել աղետալի շղթայական ռեակցիաների:
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների: Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը», - գրել է Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի 9 մարզերի 36 խոշորացված համայնքներում ՝ համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով)։ Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր գրեթե բոլոր համայնքներում։ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, 36 համայնքներից ընդամենը 16-ում է "Քաղաքացիական պայմանագիրը" հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը։