Արմինֆո.Արցախցի երիտասարդ ռեժիսոր Մարիամ Ավետիսյանի "Ապրելու ցանկություն" վավերագրական ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում հաղթել է "Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ" անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
"Ապրելու ցանկություն" ֆիլմը պատմում է Արցախում հետպատերազմյան շրջանի, այն հետևանքների մասին, որոնք պատերազմը թողել է մարդկանց կյանքի վրա: " «Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պատերազմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին: Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում: Սփյուռքից դրական արձագանքներ ենք ստացել, շատ աջակիցներ ունենք տարբեր երկրներից ՝ լրագրողներ, ռեժիսորներ, հայտնի մարդիկ, ինչպիսին, օրինակ, Սերժ Թանկյանն է: Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ: Հաղթանակն անսպասելի էր, բայց շատ ոգևորիչ։ Նման ձեռքբերումներն օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվենք առաջ և փորձենք անել ավելին», - ասել է Մարիամ Ավետիսյանը: