Արմինֆո. Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք» TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Ինչպես հաղորդում է «Անտարես» հրատարակչության մամուլի ծառայությունը, «Կարմիր»-ը միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։
Աղբյուրի համաձայն, «Կարմիր»-ը գրքում հեղինակն ընդգծում է, որ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երեբեք չեն ավարտվում:
«Քանի որ «Կարմիր»-ն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր՝ Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար»,- նշել է Հովիկ Աֆյանը։
Հիշեցնենք, որ այս տարի Հովիկ Աֆյանը "Արձակ" անվանակարգում հաղթել էր Yerevan Book Fest փառատոնում Հայաստանի գրական գործիչների շրջանում ամեն տարի անցկացվող մրցույթում: Բացի այդ, Աֆյանի "Կարմիր" գիրքը ներառվել է Եվրոպական միության գրական մրցանակի (European Prize of Literature) կարճ ցուցակում։