Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքկենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նախօրեին քննարկել են Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ ամփոփելով Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում նրանց հանդիպման արդյունքները։
Ինչպես ասվում է նրա տարածած գրավոր հայտարարությունում, ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է "Եթովպիայի ճգնաժամը եւ սեւծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը": "Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպես նաև՝ Աֆղանստանում",
- ընդգծել է Փրայսը:
Նրա հավաստմամբ, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները կառուցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի հիման վրա, որը տեղի է ունեցել անցյալ ամիս Հռոմում եւ վերաբերվել է երկկողմ համագործակցությանը եւ այլ առաջնահերթությունների՝ ներառյալ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները: