Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 2-ին Շվեդիայում կհանդիպեն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում: Այսօր Եվրախորհրդարանում այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրենի ներկայացուցիչ Լյուկ Դեվինը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել են դեկտեմբերի 15-ին մասնակցելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, նշելով, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կանցկացնի երկու երկրների ղեկավարների հետ: "Իրավիճակը մնում է լարված", - հայտարարել է նա, ընդգծելով, որ մտահոգություն են հարուցում լուրջ միջադեպերը, որոնք գրանցվել են ս.թ. նոյեմբերի կեսերից արդեն միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղում։
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ը համապատասխան կերպով է արձագանքել՝ բախումներից հետո հաջորդ օրը խոսելով երկու երկրների առաջնորդների հետ եւ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները: