Արմինֆո.ԱՄՆ կառավարությունը հատկացրել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ անցած տարվա ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու համար, և 15 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու համար։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում՝ հղում անելով ԱՄՆ ՄԶԳ-ին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին քննարկել է ԱՄՆ ՄԶԳ-ի տրամադրած հումանիտար և սոցիալական աջակցությունը Հայաստանին՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում և անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները լուծելու հարցում։
Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո՝ ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ, և ապաստան:
2020 թվականից մինչ օրս ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ աջակցելու անցյալ տարվա ռազմական գործողություններից տուժածներին, ինչպես նաև 15 միլիոն դոլար՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար։
«ԱՄՆ ՄԶԳ-ն ակնկալում է շարունակել գործակցությունը նախարարության հետ ընթացիկ ծրագրերի միջոցով», - ասվում է հաղորդագրությունում: