Արմինֆո. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնպես հստակություն չի մտցրել Սյունիքում Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցում:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհրդարանականը խնդրել է թույլ տալ հետևել պաշտպանության նախարարության ներկայացուցիչների օրինակին և չպատասխանել այն հարցին, թե արդյոք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
"Վաղ թե ուշ ադրբեջանցիները պետք է լքեին մեր ինքնիշխան տարածքը։ Եւ՝ որքան շուտ, այնքան լավ: Հայաստանի ինքնիշխան տարածքում չեն կարող լինել օտարերկրյա զինված ուժեր։ Իշխանասարի մասին տեղեկություններ կան, բայց եկեք չխոսենք այդ մասին, եկեք թույլ տանք մեր զինվորականներին կառավարել ստեղծված իրավիճակը", - ասել է նա։
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում, հղում անելով գյուղապետերից ստացված տեղեկատվությանը, տարածվել են տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական զինուժը լքել է Սյունիքի Իշխանասարի նախկինում գրավված տարածքը։ Պաշտպանության նախարարությունում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են նման տեղեկությունները, այլ սահմանափակվել են երկրի պաշտպանական գերատեսչության պաշտոնական տեղեկատվական ժապավենին հետեւելու կոչով: