


Արմինֆո. Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման հարցը լուծված է։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է լրագրողներին՝ Աշխաբադից Անկարա վերադառնալիս։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Էրդողանը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 26-ին Սոչիում ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ և Հայաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքները: "Եղբայրս՝ Իլհամ Ալիևը, հաղորդել է, որ հանդիպումը դրական էր և արդյունավետ։ Արազ գետի երկայնքով (Արաքս-խմբ.) երկաթգծի և ավտոճանապարհի կառուցման հարցը լուծված է։ Օրակարգում է մայրուղու կառուցումը, որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով՝ մինչև թուրքական Իգդիր", - ասել է Թուրքիայի առաջնորդը, հաղորդում է «Անադոլուն»։
Էրդողանը նաեւ հիշեցրել է Հարավային Կովկասում երկխոսության 3+3 հարթակի ձեւավորման թուրքական կողմի նախաձեռնության մասին: "Այդ պլատֆորմի կազմում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և, աջակցության դեպքում, Վրաստանը։ Այդ հարթակը տարածաշրջանում խաղաղության ձգտման ցուցանիշ կդառնա։ Այդ ուղղությամբ դրական քայլեր կան", - ասել է Թուրքիայի նախագահը։



