Արմինֆո. Վաղ թե ուշ, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունների բոլոր խնդրահարույց ուղղություններով բանակցություններն անհրաժեշտություն կդառնան։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Վալդայ" միջազգային բանավիճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
"Ռուսաստանը հրապարակավ հնչեցրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդության վերաբերյալ իր առաջարկները։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանը վաղուց պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարեր բոլոր հնարավոր ու հեռանկարային վեկտորներում։ Ի վերջո, անցած տարվա պատերազմում ռազմական պարտությունը Հայաստանի համար բնավ աշխարհի վերջը չդարձավ։ Կարծում եմ, որ Երեւանը պետք է փորձի երկրին հասցված վնասը ծածկել դիվանագիտական դաշտում", - ընդգծել է նա։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը ռուս գործընկերների հետ քննարկման ժամանակ տեղեկացրել է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու Երեւանի պատրաստակամության մասին: Նոյեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հնչեցրել է այդ գործընթացին աջակցելու ՌԴ պատրաստակամությունը' ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունն ու ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ներկայիս Թուրքիան գնահատելով որպես ամենաբարդ տարածաշրջանային պետություններից մեկը՝ վերլուծաբանն այս լույսի ներքո տեսնում է Անկարայի ուղղությամբ Երեւանի ցանկացած քայլի մանրակրկիտ հաշվարկի անհրաժեշտություն։ Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ փոփոխությունների հեռանկարների համատեքստում Լուկյանովը հիշեցրել է, որ Էրդողանի Թուրքիան չափազանց ծանր է փոխում իր դիրքերը նույնիսկ գերտերությունների հետ հարաբերություններում։ Իսկ խաղաղ պայմանագրի թուրքական տեսլականի շուրջ իրական տեղաշարժերի բացակայության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման լույսի ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները կանխատեսելը, նրա կարծիքով, բավական բարդ է։
"Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը եւ մտադրություններին, ապա դրանք, ըստ ամենայնի, հենվում են Թուրքիայի հետ ինչ-որ լուծումների հասնելու հույսի վրա՝ անկախ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններից։ Կարող եմ ենթադրել, որ Արևմուտքի ակտիվ միջնորդությամբ։ Սակայն Անկարայի և Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումների մեծապես համակարգումն արդեն բավականին բարդ, եթե չասենք փակուղային, իրավիճակ է ստեղծել բանակցություններում։ Սակայն, հաշվի առնելով Երեւանի կողմից նախապայմանների բացակայությունը, որն, իր հերթին, ակնկալում է Անկարայի նման դիրքորոշում, անհրաժեշտ է սպասել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բուն գործընթացին։ Հայ-թուրքական հաշտեցման իրական հեռանկարները կարող են հստակեցվել միայն դրա մեկնարկից հետո", - ամփոփել է ռուս վերլուծաբանը։