Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգի քննարկումը, հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա»: