Արմինֆո. Չհասնելով Հայաստանի հետ "հաշտության պայմանագրի"՝ այն ըմբռնմամբ, ինչպես այդ հաշտությունը պատկերացնում են Բաքվում, Ադրբեջանը լիովին կարող է լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների գծով ռուս փորձագետ Արկադի Դուբնովը։
"Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների դադարեցումը ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ՝ բոլորովին չի նշանակում, որ հակամարտությունն ամբողջովին սպառված է։ Իմ կարծիքով, եթե Բաքուն չկարողանա ճնշման միջոցով իր համար կարեւոր հարցերի շուրջ Երեւանից զգալի զիջումների հասնել, սահմանի հերթական էսկալացիան լիովին կարող է վերաճել նոր լայնածավալ պատերազմի՝ 44-օրյա պատերազմի օրինակով", - կանխատեսում է նա։
Նոյեմբերի 14-ին գնդակոծելով հայկական զինուժի դիրքերն արևելյան ուղղությամբ ՝ Ադրբեջանը էսկալացիայի հերթական փուլն է սկսել Հայաստանի հետ հակամարտությունում։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և հրաձգային զենքի կիրառմամբ գրոհել են հայկական դիրքերը նույն ուղղությամբ՝ ներթափանցելով Հայաստանի տարածք: Լոկալ մարտերի արդյունքում երկու կողմերն էլ կորուստներ ունեն։ Մարտերը դադարել են 18: 30-ից ՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Հայաստանի հետ սահմանին նախաձեռնելով ռազմական գործողություններ՝ Ալիևը, ըստ փորձագետի, փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վարչապետի վրա՝ Նիկոլ Փաշինյանին ստիպելու համար ի վերջո ստորագրել "հաշտության պայմանագիրը"։ Վերջինը, Բաքվի պատկերացմամբ, ըստ Դուբնովի, հանգում է Հայաստանի տարածքի մի մասի անցման Ադրբեջանի վերահսկողության տակ և, իհարկե, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողության ձեռք բերմանը։
"Հրաձգությունը դադարել է այն բանից հետո, երբ Երեւանը ստիպված էր օգնության համար դիմել ՌԴ պաշտպանության նախարարին եւ նախագահին։ Եվ հենց Մոսկվայի պատասխան արձագանքն է դա ապահովել։ Կարծում եմ, որ Բաքվին հստակորեն բացատրել են ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, Հայաստանի տարածք ներխուժելու անթույլատրելիությունը։ Իսկ հայկական կողմի կորուստները, զոհերը և գերիների առկայությունը, իմ կարծիքով, վկայում են հենց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին", - ամփոփել է փորձագետը ։