Արմինֆո. Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից», - ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հարձակում գործելով արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ «Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ», - ասվում էր ՊՆ նախորդ հաղորդագրությունում։
Հարկ է նշել, որ այսօր խորհրդարանի ամբիոնից "Քաղաքացիական պայմանագիր" կառավարող դաշինքի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հաղորդել է, որ հակառակորդը, սկսած մայիսի 12-ից, 11 տեղամասերում օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ 41 կմ շառավղով: