Արմինֆո. Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», - գրել է Գեղամ Ստեփանյանը։
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք էր նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։ «Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան», - ասվում էր Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում։