Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Արեւմուտքի կողմից ուղղորդվող աշխարհաքաղաքական պայքարը լիովին կարող է շատ սուր բնույթ ընդունել եւ կարող է փոխել առկա շատ իրողություններ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
"Այս փուլում Հարավային Կովկասում, գործնականում, բոլոր խաղացողներն ունեն եւ փայփայում են նրա վերաբերյալ սեփական ծրագրերը։ Տարածաշրջանային երկրները խաղում են իրենց խաղը, Արեւմուտքը խաղում է իր սեփականը: Այսօր կարելի է արձանագրել Հարավային Կովկաս ուղղվող բավականին լուրջ աշխարհաքաղաքական, այլ ռեսուրսների առկայությունը, ինչը թույլ է տալիս խոսել ձեր տարածաշրջանում իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների գոյության մասին: Այս լույսի ներքո՝ միանշանակ կանխատեսել, թե ով, ի վերջո, հաղթող դուրս կգա, այսօր հնարավոր չի թվում", - նշել է նա։
Մոսկվայի վերջին քայլերը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները Մալաշենկոն դիտարկում է վերջին աշխարհաքաղաքական գործընթացների, տեղաշարժերի և փոխակերպումների համատեքստում։ Համագործակցության եւ հարաբերությունների կարգավորման նախկին ձեւաչափերի անկայուն լինելու, անցումային վիճակում գտնվելու պայմաններում Մոսկվայի հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ, ըստ արեւելագետի, էական ազդեցության են ենթարկվում, առաջին հերթին, նկատի ունենալով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սերտ համագործակցությունը, որը ոչ միշտ է համակարգվում Ռուսաստանի հետ:
Ընդհանուր առմամբ, արևելագետի կարծիքով, Ռուսաստանն ու Թուրքիան ազգային շահերը պաշտպանելու իրենց ձգտման մեջ շատ նման են։ Սակայն, կարիք ունենալով եւ շահագրգռված լինելով միմյանցով, երկու երկրները պատրաստ են երկարաժամկետ գործընկերության ամենուր, որտեղ դա հնարավոր է, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: "Հասկանալի է, որ նրանց միջեւ ոչ մի ընկերություն չկա, եւ չի լինի, ի տարբերություն երկարաժամկետ գործընկերության, որը դեռ շատ երկար գոյություն կունենա։ Հասկանալի է, որ ժամանակ առ ժամանակ իրավիճակը կարող է սրվել, դրա համար առիթները բավական շատ են, բայց առայժմ փոխադարձ հետաքրքրությունը գերակշռում է այդ ամենի նկատմամբ", - նշել է նա։
Մալաշենկոն հատուկ ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն էլ, իրենց հերթին, կախված են նաև գլոբալ իրավիճակից, և Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններից։ Այս լույսի ներքո՝ նա արձանագրել է, որ նույն Արեւմուտքի հետ Անկարայի հարաբերությունները ներկա փուլում նախատրամադրում են Ռուսաստանի հետ փոխգործակցության։ Թուրքիայի հետ ՌԴ-ի համագործակցության իրավիճակային բնույթը ձգձգվում է, բայց խզման սկզբունքային պատճառներ չկան, քանի որ, առաջին հերթին, դա ձեռնտու չէ հենց կողմերին։ Նշելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան թվում է առաջին հայացքից, Մալաշենկոն այդ կապակցությամբ առանձնացրել է, այդ թվում, հոգեբանական ընդհանրությունը՝ Օսմանյան կայսրության եւ ԽՍՀՄ վերածնման մասին ուտոպիական պարբերական խոսակցությունները:
"Հասկանալի է, որ Էրդողանը, այդուհանդերձ, խաղալով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասությունների, հենց մահմեդական աշխարհի հակասությունների վրա, այնուամենայնիվ,
փորձում է Թուրքիան վերադարձնել համաշխարհային տերությունների թվին։ Քաղաքական առումով նրան ինչ-որ բան հաջողվում է, մենք դա տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Ադրբեջանում։ Բայց տնտեսական առումով Թուրքիան այսօր շատ թույլ պետություն է, ինչն առավել ցայտուն արտահայտվում է անընդհատ ավելացող գնաճով", - ընդգծել է նա։
Վերադառնալով Հարավային Կովկասում ռուսական խնդիրներին՝ արևելագետը դրանց շարքում առանձնացրել է Լեռնային Ղարաբաղում ոչ մեկի կողմից չճանաչված խաղաղապահ զորակազմը, կառավարվող տարածաշրջանային լարվածությունը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի և, նույնիսկ, Վրաստանի տարածաշրջանային շահերը: Ինչպես նաև, մի կողմից, Հայաստանի և, մյուս կողմից, Թուրքիայի ու Ադրբեջտանի միջեւ լարվածության շարունակման երկարաժամկետ հեռանկարները։ Մինչդեռ, ժամանակը, նրա գնահատմամբ, թույլ է տալիս ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իրանին եւ Վրաստանին փոխել իրենց տեղաբաշխումը այնպիսի դիրքերի, որոնցում դա հնարավոր չէր անել անցյալ տարվա պատերազմի ընթացքում: Եվ նրանց հետ տարածաշրջանային հարցերում չհամագործակցել՝ Ռուսաստանը, ըստ Մալաշենկոյի, ոչ մի կերպ չի կարող։