
Արմինֆո. Իմ կարծիքով, վաղ թե ուշ, բայց Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա, և դրա ժամանակ, իսկապես, կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Այս հանդիպումից դրական ակնկալիք, կարծում եմ, չկա և չի կարող լինել։ Սակայն, կարևոր է ընդգծել, որ մեզ համար չեն լինի նաև ողբերգական հետևանքներ։ Արևմուտքի ջանքերով ռուս-թուրքական նախագիծը որոշակի շրջանակ է մտցվել, Մոսկվայի դիրքերը 44-օրյա պատերազմից հետո անցած մեկ տարում զգալիորեն թուլացել են։ Որպես հետևանք՝ ՌԴ-ն այլևս չի կարող կատարել Անկարային տված խոստումները։ Եվ այս ամենն էապես ավելացրել է մեր դեմ ուղղված ծրագրերին դիմակայելու Հայաստանի ունակությունը", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ քաղաքական գործիչը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու թուրքական "3+3" նախագծին՝ ամենեւին ոչ լավ կյանքից եւ, ամենայն հավանականությամբ, գործնական, իրական քայլեր չի ձեռնարկի դրա իրականացման ուղղությամբ: "3+3"-ը գնահատելով որպես միջազգային իրավունքին հակասող ապօրինի, հակահայ Կարսի պայմանագրի շարունակություն՝ Հայրապետյանը նշել է, որ 100 տարի առաջ աշխարհը աչք է փակել Կարսի վրա՝ Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի հետ սահմաններին սահմանապահի վերածելու նպատակով։ Այսօրվա Ռուսաստանը, քաղաքական գործչի կարծիքով, շատ հեռու է վերադարձող կայսրության կարգավիճակից, ինչպիսին նա ուներ 1921 թվին։ Համապատասխանաբար, Թուրքիան էլ կորցրել է իր սահմանապահի գործառույթները։
Ըստ Հայրապետյանի՝ "3+3"-ը հեռանկարում կոչված է Հայաստանին բերելու աղետներ, որոնք մասշտաբներով լիովին համադրելի են Կարսի պայմանագրի ստորագրման հետեւանքով երկրին պատուհասած աղետների հետ։ Այս լույսի ներքո՝ քաղաքական գործիչը "3+3"-ի հարցում հստակ դիրքորոշում հայտնելու Երևանի դժկամությունը գնահատում է միանգամայն ճիշտ, քանի որ ժամանակը, նրա կարծիքով, աշխատում է Հայաստանի օգտին։ Այդուհանդերձ, միայն լռությամբ իրավիճակը, նրա կարծիքով, չես շտկի, և աշխարհին սեփական նախագիծ ներկայացնելն արդեն վաղուց Հայաստանի համար հրամայական է դարձել։
"Այս ամենը պահանջում է մեր իշխանությունից, մեր ընդդիմությունից ավելի մեծ ողջախոհություն և խելամտություն։ Եվ, ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում հանրահավաքների կազմակերպման միջոցով ռուս-թուրքական նախագծերին հակազդելու ընդդիմության փորձերը։ Իսկ եթե այդ ամենն արվում է Հայաստանում իշխանության տիրանալու միակ նպատակով, ապա նման փորձերը նողկանքից զատ այլ բան չեն կարող առաջացնել։ Մենք տեսնում ենք, որ նույն այդ խորհրդարանական ընդդիմությունը բոլորովին դեմ չէ այն բանին, ինչ Հայաստանին այսօր առաջարկվում է Մոսկվայի և Անկարայի կողմից։ Ընդդիմության առավել արմատական հատվածն, ըստ իս, լիովին իրավունք ունի ներկայանալ որպես այլընտրանք՝ ինչպես իշխանությանը, այնպես էլ մնացած ընդդիմությանը։ Հարցը արմատական ընդդիմության գաղափարներն ու մեթոդներն ընկալելու հայ հասարակության ունակությունն է։ Կես տարի առաջ մենք բոլորս հնարավորություն ունեցանք դրանում համոզվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում", - ամփոփել է Հայրապետյանը։