Արմինֆո. Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների հետ և այցելել Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին: Այդ մասին պետնախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ հակիրճ ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ:
Ընդգծել եմ նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Կարևորել եմ Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:
Այցելել ենք նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները», - գրել է Արտակ Բեգլարյանը: