Արմինֆո. "3+3" տարածաշրջանային մեխանիզմը ձեռնտու է Էրդողանի ռեժիմին, քանի որ դրա միջոցով նա, փաստացի, պաշտոնապես լծակներ է ստանում մասնակցելու գործընթացներին, այդ թվում ՝ Հայաստանի հետ կապված։ Այս կարծիքին է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Ու՞մ է ձեռնտու է, այպես կոչված, 3+3 ձևաչափը, դրանում ենթադրվող ներգրավվածություն ունենալիք պետությունների շահերը շատ համառոտ դիտարկելով։ Սա միանշանակ ձեռնտու է էրդողանական վարչախմբին, որովհետև դրա միջոցով այն փաստացիորեն պաշտոնապես ստանում է լծակ ներգրավվելու այդ թվում Հայաստանին առնչվող գործընթացներին։ Ձևաչափը առնվազն կարճաժամկետ կտրվածքով ձեռնտու է Ռուսաստանին Ադրբեջանի և հատկապես Վրաստանի վրա ազդեցության լրացուցիչ գործիքակազմ ստանալու համար։ Հարթակը լիովին ձեռնտու չէ Իրանին, որովհետև երեք ոչ հարավկովկասյան պետություններից այն միակն է, որը չունի որևէ ռազմական ներկայություն Հարավային Կովկասում, և 3+3 ձևաչափը շատ դեպքերոմ միայն ձևական առումով կարող է ապահովել իրանական շահերը կամ, ավելի ճիշտ, ստեղծել նման պատրանք։ Սակայն այն իրանական կողմից կարող է դիտարկվել ընդհանրապես չեղածից ավելի լավ տարբերակ։ Եթե ձևաչափը ձեռնտու է էրդողանական վարչախմբին, ապա Բաքվի բռնապետը դրա վերաբերյալ առարկություններ չի կարող ունենալ, չնայած ակնհայտ է, որ իրանական և ռուսական լրացուցիչ ներգրավվածությունը չի բխում նրա շահերից։ Վրաստանին ձևաչափը չի կարող ձեռնտու լինել՝ հաշվի առնելով այս պետության՝ արդեն իսկ անդառնալիության կետն անցած արևմտյան կողմնորոշումը, որը ենթադրում է մի կողմից Ռուաստանի ազդեցության հնարավոր թուլացում և Իրանի հետ հարաբերությունների խիստ չափավոր մակարդակ, իսկ մյուսից՝ թուրքական արդեն իսկ վտանգավոր չափերի հասած ներգրավվածության սանձում կամ նույնիսկ ԱՄՆ-ի համար Թուրքիային գոնե մասնակի փոխարինող այլընտրանքային դաշնակցի կարգավիճակ։ Հայաստանը որևէ դեպքում չպետք է համաձայն լինի ներգրավվել մի հարթակում, որտեղ մեր նկատմամբ լինելու է էրդողանական վարչախմբի գերակա ներկայություն։ Բացի այդ, կա մի շատ հասկանալի բանաձև՝ այն ինչ շահավետ է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին, առնվազն հակասում է մեր շահերին։ Ստացվում է, որ 3+3 թվացյալ պարզ բանաձևն ունի բավական մեծ խութեր, իսկ դրա իրականացումը, դիցուք, կարող է տապալել հենց միայն Վրաստանը», - գրել է Վարդան Ոսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջտում։
Նշենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել Ղարաբաղի շուրջ վեցակողմ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության եւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախաձեռնությամբ, որին դեռևս չի աջակցում Վրաստանը, միանշանակ պատասխան չի տվել նաև Հայաստանը։ Նախաձեռնությունն առաջարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ ագրեսիան սանձազերծվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Մարտական գործողությունները տևեցին 44 օր։