Արմինֆո.Ադրբեջանը հաստատել է Պակիստանից JF-17 Thunder կործանիչների գնման նկատմամբ հետաքրքրությունը, հաղորդել է Trend-ը՝ վկայակոչելով պակիստանյան լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ նոյեմբերի 1-ին Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը այդ կործանիչները ձեռք բերելու հարցում: Նրա խոսքով դա դեսպանության օրակարգի առանցքային հարցն է։ Ռազմական կցորդը հաղորդել է, որ Ադրբեջանը մտադիր էր ձեռք բերել JF-17 Block 3 կործանիչի մոդիֆիկացիան, որն իր առաջին թռիչքը կատարել է 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում:
Նովրուզովը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ: JF Thunder-ը չինապակիստանյան համատեղ մշակման կործանիչ-ռմբակոծիչ է: Չինաստանի ռազմաօդային ուժերում ինքնաթիռը ունի Chengdu FC-1 Xiaolong նշանակումը: JF-17-ի վերջին մոդիֆիկացիան արժե 25 մլն դոլարից մի փոքր ավելի։