Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։
Նախարարը կարևորել է Սյունիքում ենթակառուցվածքների դերը՝ այդ կոնտեքստում ընդգծելով մարզում իրականացվող ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Սանոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ավարտին է մոտենում Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, Տաթև- Լծեն հատվաճի շինարարությունը՝ ընթացքի մեջ է։ Ռազմավարական առումով նախարարն ընդգծել է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։