Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախատեսում է Սահմանապահ ծառայության պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 160 հազար դրամից բարձրացնել մինչեւ 210-220 հազար դրամ:
Այդ մասին նոյեմբերի 1-ին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաղորդել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով "Պատիվ ունեմ" ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, որը հետաքրքրվել է, թե արդյոք սահմանային զորքերում լրացուցիչ վճարներ կամ սպայական կազմի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է: "Ընդհանուր բյուջեում որոշակի տրամաբանական խախտում կա, օրինակ, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նույն աշխատավարձն են ստանում և ավելին, քան Շուռնուխում, Որոտանում ավելի ծանր պայմաններում ծառայող սպաները", - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան՝ ԱԱԾ փոխտնօրենը հաղորդել է, որ այդ հարցով զբաղվում են։ "Տնօրենը հանձնարարել է մտածել, թե ինչպես կարելի է բարելավել իրավիճակը։ Մասնավորապես, խոսքը ԱԱԾ Սահմանապահ ծառայությունում ծառայություն անցնող պայմանագրային զինծառայողների մասին է։ Այսօրվա դրությամբ նրանց աշխատավարձերը բավականին ցածր են։ Նրանք այլ հաստատությունների (ուժայինների - խմբ.) համեմատ ստանում են համեմատաբար ցածր աշխատավարձ։ Այդ կապակցությամբ անձնակազմի թիվը նվազել է. մարդիկ ազատվում են աշխատանքից։ Բայց կա հանձնարարություն, եւ մենք պետք է շատ արագ արձագանքենք դրան", - պարզաբանել է ԱԱԾ փոխտնօրենը, հավելելով, որ նախատեսում են իրավիճակը լուծել աշխատավարձի բարձրացման միջոցով։
Նշենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) բյուջեն 2022 թվականին կավելանա 22,85 տոկոսով ՝ ընթացիկ տարվա պետական բյուջեում ամրագրված 34,7 մլրդ դրամից մինչեւ 42 մլրդ 699 մլն դրամի (գրեթե 86,5 մլն ԱՄՆ դոլար, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը՝ 493,6 դրամ):